Return to BahaiPrayers.net
Facebook
Նա է Գթասիրտն, Ամենաառատաձեռնը:
Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո կանչը հրապուրեց ինձ, ու Քո Փառքի Գրչի ձայնն արթնացրեց ինձ: Քո սուրբ խոսքերի հոսքը հիացրեց ինձ, ու Քո ոգեշնչման գինին ինձ զմայլեցրեց: Դու տեսնում ես, ո՜վ Տեր, որ ես հրաժարվեցի ամենից, բացի Քեզանից, բռնվել եմ Քո ընծաների թելից ու աղերսում եմ Քո վերին օգնության հրաշքների համար: Խնդրում եմ Քեզ Քո բարության հավերժական ալիքներով ու Քո քնքուշ խնամքի ու բարեհաճության Փայլատակող լույսերով շնորհիր ինձ այն, ինչը կմոտեցնի Քեզ ու Քո գանձերով ինձ հարստացրու: Իմ շուրթերը, գրիչն ու իմ ամբողջ էությունը վկայում են Քո զորավորության, Քո հզորության, Քո վերին օգնության ու Քո առատաձեռնության մասին, որ Դու ես Աստված ու չկա Աստված Քեզանից բացի` Զորավոր, Ուժեղ:
Այժմ ես վկայում եմ, ո՜վ իմ Աստված, իմ անզորության ու Քո բարձրագույն իշխանության, իմ թուլության ու Քո ուժի մասին: Ես չգիտեմ` ինչն է իմ համար բարիք, իսկ ինչը` չարիք. Դու, հիրավի, Ամենագետ ես, Ամենաիմաստուն: Որոշիր իմ համար, ո՜վ Տեր, իմ Աստված ու իմ Տիրակալ, այն, ինչն ինձ կօգնի գոհանալ Քո հավերժական կամքով ու ինձ բարգավաճում կբերի Քո աշխարհներից յուրաքանչյուրում: Դու, հիրավի, Ողորմած ես, Առատաձեռն:
Ո՜վ Տեր: Ինձ հեռու մի պահիր Քո հարստության օվկիանոսից ու Քո ողորմածության երկնքներից ու պատվիրիր ինձ այս աշխարհի ու գալիք աշխարհի բարին: Հիրավի, Դու ես երկնային կացարաններում թագավորող գահի Տերը. չկա այլ Աստված Քեզանից բացի` Միակ, Ամենագետ, Ամենաիմաստուն:
- Bahá'u'lláh