Return to BahaiPrayers.net
Facebook
Ո՜վ իմ Աստված: Քեզանից բացի ոչ ոք չի կարող թեթևացնել իմ հոգու տառապանքները, և Դու իմ բարձրագույն ձգտումն ես, ո՜վ իմ Աստված: Իմ սիրտը նշանված է միայն Քեզ հետ և նրա, ում Դու սիրում ես: Ես հռչակում եմ, որ իմ կյանքն ու մահը հանուն Քեզ են: Հիրավի, Դու աննման ես և Դու չունես ընկերակիցներ:
Ո՜վ իմ Տեր: Աղերսում եմ Քեզ ներել ինձ այն բանի համար, որ ես պատնեշ կառուցեցի Քո և իմ միջև: Երդվում եմ Քո փառքով ու վեհությամբ, որ ես չկարողացա պատշաճ կերպով ընդունել Քեզ և պաշտել Քեզ, չնայած որ Դու ավետեցիր Քո մասին և հրամայեցիր ինձ հիշատակել Քեզ այնպես, ինչպես վայել է Քո դիրքին: Ծանր աղետներ բաժին կընկնեն ինձ, ո՜վ իմ Տեր, եթե Դու ինձ պատասխանի կանչես իմ արարքների ու մեղքերի համար: Ես չգիտեմ այլ օգնական, բացի Քեզանից: Չգիտեմ այլ ապաստան, որտեղ կկարողանամ պատսպարվել, բացի Քեզանից: Քո ստեղծածներից ոչ ոք չի հանդգնում գոչել Քեզ առանց Քո բարեհաճության: Քո դատաստանի առջև ես ապավինում եմ միայն Քո սիրուն և հետևելով Քո կամքին` ջանասիրաբար աղոթում եմ Քեզ, ինչպես վայել է Քո փառքին: Աղերսում եմ Քեզ լսել իմ Կանչն, ինչպես Դու խոստացել էիր: Հիրավի, Դու Աստված ես. չկա այլ Աստված, Քեզանից բացի: Մենակ, օգնությունից զրկված, Դու անկախ ես ամեն արարվածից: Ո՛չ քեզ սիրողների հավատարմությունն է Քեզ օգուտ բերում, ո՛չ անհավատների չարագործություններն են կարող Քեզ վնաս պատճառել: Հիրավի, Դու Նա ես, իմ Աստված, Ով երբեք չի խախտում Իր խոստումը:
Ո՜վ իմ Աստված: Ես աղերսում եմ Քեզ Քո ողորմածության նշաններով` թույլ տուր ինձ մոտենալ Քո սուրբ ներկայության վեհապանծ բարձունքներին և պահպանիր ինձ` Քեզանից բացի որևէ բանի մասին, անգամ փոքրագույն, հիշատակումից: Ուղղիր իմ ոտքերը, ո՜վ իմ Աստված, դեպի այն բանն, ինչ ցանկալի և բարեհաճ է Քեզ: Քո հզորությամբ պաշտպանիր ինձ Քո զայրույթի ցասումից ու պատժից և հետ պահիր ինձ այն կացարանների այցելումից, որոնք Քեզ հաճելի չեն:
- The Báb