Return to BahaiPrayers.net
Facebook
(Աղոթքը հայտնված է ԱՄՆ – ի ու Կանադայի Բահայիների համար)
Ո՜վ Աստված, իմ Աստված: Դու տեսնում ես` ինչպես է սև մշուշը ծածկել բոլոր կողմերն, ինչպես են բոլոր երկրները բոցկլտում խռովությունների հրդեհում և ինչպես է պատերազմի կրակն ու կոտորածը համակել Արևելքն ու Արևմուտքը: Արյուն է թափվում, դիակները ծածկում են գետինն ու ճակատամարտերի դաշտերում հատած գլուխները թափվում հողին:
Ո՜վ Տեր: Խղճա այս անտեղյակներին և նրանց նայիր գթասրտության ու ներման աչքով: Հանգցրու այս կրակը, որպեսզի ցրվեն երկնակամարը ծածկող մռայլ ամպերը և շողա Ճշմարտության Արևն` արձակելով հաշտեցման ճառագայթները, որպեսզի ցրվի այս մութ մշուշը և բոլոր երկրները լուսավորվեն խաղաղության շլացուցիչ լույսով:
Ո՜վ Տեր: Ազատիր մարդկանց ատելության ու թշնամության օվկիանոսի անդունդից, դուրս բեր նրանց այս անթափանց մշուշից: Միացրու նրանց սրտերը և լուսավորիր նրանց աչքերը խաղաղության ու համերաշխության լույսով: Դուրս բեր նրանց պատերազմի և արյունահեղության անհատակ անդունդից և ազատիր նրանց մոլորության մշուշից: Պոկիր նրանց աչքերի փառը և լուսավորիր նրանց սրտերն առաջնորդության լույսով: Վարվիր նրանց հետ Քո ողորմածությամբ ու գթասրտությամբ, այլ ոչ թե Քո արդարությամբ ու ցասումով, որից երերում են նաև ամենահզորները:
Ո՜վ Տեր: Պատերազմները դեռ շարունակվում են: Աղետներն ու տագնապներն է՛լ ավելի են աճում ու ամեն ծաղկող վայր վերածվում է անապատի:
Ո՜վ Տեր: Ծանրությունը պատել է մարդկային սրտերը, և հոգիները տառապում են ցավից: Խղճա այս խեղճ հոգիներն ու մի թույլ տուր դրանց իրենց ցանկություններում հասնել ծայրահեղությունների:
Ո՜վ Տեր: Քո երկրներում հայտնիր հնազանդ ու խոնարհ հոգիներն, ում դեմքերը լուսավորված են առաջնորդության ճառագայթներով, որոնք ազատ են աշխարհիկից, որոնք փառաբանում են Քո Անունն ու մարդկանց միջև տարածում Քո սրբության բուրմունքը:
Ո՜վ Տեր: Ամրապնդիր դրանց իրանը, գոտևորիր դրանց մեջքերը և խանդավառիր դրանց սրտերը Քո մեծագույն սիրո նախանշանակներով:
Ո՜վ Տեր: Հիրավի, դրանք թույլ են, իսկ Դու` Հզոր և Ուժեղ, դրանք անօգնական են, իսկ Դու` Օգնող ու Գթասիրտ:
Ո՜վ Տեր: Ալեկոծվում է խռովության օվկիանոսը և այս մրրիկները կհանդարտվեն միայն Քո անսահման ողորմածությամբ, որ համակում է բոլոր կողմերը:
Ո՜վ Տեր: Հիրավի, մարդիկ ընկղմված են կրքերի անդունդը և նրանց ոչինչ չի փրկի, բացի Քո անսահման ընծաներից:
Ո՜վ Տեր: Ցրիր այս արատավոր կրքերի մշուշը և լուսավորիր սրտերը Քո սիրո լույսով, որով շուտով կլուսավորվեն բոլոր երկրները: Հաստատիր Քո սիրեցյալներից նրանց, ովքեր լքել են Քո երկրները, թողել ընտանիքներն ու երեխաներին և Քո Գեղեցկության սիրուց ուղևորվել ճամփորդության դեպի օտար կողմեր, որպեսզի տարածեն Քո բույրերն ու հռչակեն Քո Ուսմունքը: Ուրեմն, նրանց միայնակության մեջ եղիր ուղեկից, օտարության մեջ` օգնական, վշտերից` ազատող, աղետներում` մխիթարող: Եղիր ծարավը հագեցնող կենսարար կում, նրանց հիվանդություններն ապաքինող բուժիչ դեղ ու նրանց սրտերի համար բալասան` մոխրացնող տապից:
Հիրավի, Դու Ամենաառատաձեռն ես, առատ վերին օգնության Տեր և Դու, հիրավի, Կարեկից ես ու Գթասիրտ:
- `Abdu'l-Bahá