Return to BahaiPrayers.net
Facebook
Տեսնում ես Դու, ո՜վ Ողորմածության Աստված, Ում ուժը թափանցում է ամեն գոյը, ինժպես են Քո ծառաները, Քո ստրուկները Քո Կամքի համաձայն` Քո պատվիրված պասը ցերեկով պահում, ինչպես են նրանք վեր կենում հենց լուսաբացին, որպեսզի հիշատակեն Քո Անունն ու Քեզ գովք բարձրացնեն` հուսալով ստանալ այն ընծաների մասը, որ պահվում է Քո վերին օգնության ու առատաձեռնության գանձատներում: Աղերսում եմ Քեզ, ո՜վ Դու, Ով Իր ձեռքում է պահում ամբողջ արարվածի ղեկերն, Ում ձեռքում է Քո բոլոր անունների ու հատկանիշների արքայությունը, մի զրկիր Քո ծառաներին Քո ողորմածության ամպերից զեղվող հոսքերից և մի խոչընդոտիր նրանց վաստակել իրենց բաժինը Քո բարեհաճության օվկիանոսից Քո Օրում:
Բոլոր երկրային մանրագույն մասնիկները վկայում են, ո՜վ իմ Տեր, Քո իշխանության և Քո տիրակալության ուժի մասին, Տիեզերքի բոլոր նախանշանակները հաստատում են Քո մեծության և Քո հզորության փառքը: Ուրեմն, գթա, ո՜վ Դու, ամենի ու ամենքի գերագույն Տիրակալ, անանցողիկ օրերի Արքա և բոլոր ժողովուրդների Տիրակալ այն ծառաներիդ, ովքեր բռնված են Քո պատգամների թելից և իրենց գլուխներն են խոնարհում Քո օրենքների հայտնությունների առջև` ի վերուստ առաքված Քո Կամքի երկնքներից:
Տես, ո՜վ իմ Տեր, թե ինչպես են նրանց հայացքներն ուղղված Քո քնքուշ խնամքի արշալույսին, ինչպես են սրտերը նետվում դեպի Քո ողորմածությունների օվկիանոսներն, ինչպես են նրանց ձայները լռում Քո քաղցր Ձայնի հնչյունների տակ` գոչող ամենավեհ Կացարանից հանուն Քո Ամենափառավոր Անվան: Օգնիր Քո սիրեցյալներին, ո՜վ իմ Տեր, այն բանով, ինչ տվեցին բոլորը, որպեսզի ձեռք բերեն այն, ինչ ունես Դու, նրանց, ում հետապնդում են փորձություններն ու ձախորդությունները, քանզի նրանք շրջվել են այս աշխարհից ու հոգով սլացել դեպի փառքի Քո արքայությունը: Աղերսում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, պաշտպանիր նրանց արատավոր կրքերի ու ցանկությունների բռնկումներից և օգնիր նրանց ձեռք բերել այն, ինչ նրանց օգուտ կբերի այս աշխարհում ու գալիք աշխարհում:
Թախանձում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, Քո նվիրականով, Քո թանկագին Անվամբ, որ Իր ձայնն է բարձրացնում արարման աշխարհում և բոլոր ժողովուրդներին կոչում դեպի Ծառը, որի հետևում չկա ճանապարհ, դեպի անանց փառքի գահը. զեղիր մեր վրա և Քո ծառաների վրա Քո ողորմածության առատ անձրևը, որպեսզի այն մաքրի մեզ, բացի Քեզանից ուրիշներին հիշատակելուց և մոտեցնի մեզ Քո վերին օգնության օվկիանոսի ափերին: Ո՜վ Տեր, Քո Ամենավեհ Գրչի ուժով նախանշիր այն, ինչը մեր հոգիներին փառքի Ապարանքում ընծայում է անմահություն: Նախանշիր այն, ինչը կհավերժացնի մեր անունները Քո Արքայությունում և կպահպանի մեր կյանքերը Քո պաշտպանության գանձատներում, իսկ մեր մարմինները` Քո անխորտակելի ամրոցի պատվարում: Դու տերն ես ամեն բանի անցյալում և ապագայում: Չկա Աստված Քեզանից բացի, ամենազոր Պաշտպան, Ինքնագո:
Տեսնում ես, ո՜վ Տեր, մեր ձեռքերն աղերսանքով վեր են կարկառած դեպի Քո բարեհաճության և Քո ընծաների երկնքները: Թույլ տուր դրանց լցվել գանձերով Քո անչափ առատաձեռնությունից և առատ վերին օգնությունից: Ներիր մեզ, և հայրերին և մեր մայրերին և օժտիր մեզ ամենով, ինչ փափագում ենք մենք Քո ողորմածության ու Աստվածային վերին օգնության օվկիանոսից: Ընդունիր, ո՜վ մեր սրտերի Սիրեցյալ, մեր բոլոր աշխատանքները Քո ճանապարհին: Դու, հիրավի, Ամենատիրակալ ես, Ամենավեհ, Աննման, Միակ, Ներող, Գթասիրտ:
- Bahá'u'lláh