Return to BahaiPrayers.net
Facebook
Նա Արքա է` Ամենագետ, Իմաստուն: Ահա Դրախտային Սոխակը երգում է Հավերժության Ծառի ճյուղերին` սուրբ ու քաղցրահունչ մեղեդիներով առաքինիներին հռչակելով Աստծուն մոտ լինելու ուրախ լուրը, կանչելով նրանց, ով հավատում է Աստվածային Միասնությանը, Մեծահոգի Ներկայության արքունիքին, բաժանվածներին հայտնելով ուղերձի մասին, որ հայտնված էր Աստծու, Արքայի, Փառապանծի, Աննմանի կողմից, սիրողներին ցույց տալով սրբության գահի և այս լուսաշող Գեղեցկության ճանապարհը:
Հիրավի, այս է այն Մեծագույն Գեղեցկությունը, որ կանխագուշակված է Ավետաբերների Գրքերում, Որով ճշմարտությունը կտարբերվի մոլորությունից և կփորձվի ամեն պատգամի իմաստունությունը: Հիրավի, Նա է Կյանքի Ծառը, որ բերում է Աստծու, Վեհի, Զորավորի, Մեծի պտուղները:
Ո՜վ Ահմադ: Ուրեմն, վկայիր, որ, հիրավի, Նա է Աստված ու չկա Աստված, բացի Նրանից` Արքայից, Հովանավորից, Աննմանից, Ամենազորից: Ինչպես նաև Նա, Ում ուղարկեց Նա Ալի անվան տակ, հիրավի, Աստծուց էր, Ում կամքին մենք բոլորս հետևում ենք:
Ասա. Ո՜վ մարդիկ, հնազանդվեք Աստծու պատգամներին, որ պատվիրված են Բայան Գրքում Փառապանծի, Իմաստունի կողմից: Հիրավի, Նա է Հայտնիչների Արքան և Գիրքը Նրա Մայր-Գիրք է, իմացեք այս:
Այդպես է Սոխակն ազդարարում ձեզ Իր կոչն այս զնդանից: Նա պետք է միայն փոխանցի այս պարզ ուղերձը: Ով կցանկանա, թող մերժի այս խորհուրդն, իսկ ով ցանկանա, թող ընտրի ճանապարհն առ Աստված:
Ո՜վ մարդիկ, եթե դուք մերժում եք այս խոսքերն, ուր է ապացույցը, որով դուք հավատացել եք Աստծուն: Ներկայացրու այն, ո՜վ ստախոսների ժողով:
Բայց ո՛չ, երդվում եմ Նրանով, Ում ձեռքում է իմ հոգին, որ նրանք չեն կարող և երբեք չեն կարողանա անել այդ, անգամ, եթե միանան իրար օգնելու համար:
Ո՜վ Ահմադ: Մի մոռացիր Իմ ընծաներն Իմ բացակայության ժամանակ: Հիշիր Իմ օրերը քո օրերում, հիշիր Իմ տառապանքի ու աքսորի մասին այս հեռավոր բանտում: Եվ այնքան անսասան եղիր Իմ հանդեպ քո սիրո մեջ, որ սիրտդ չերերա, անգամ, եթե քո թշնամիների թրերը կարկտի պես փլվեն վրադ և բոլոր երկնքներն ու երկիրը ապստամբեն քո դեմ:
Իմ թշնամիների համար եղիր կրակի բոցի նման և Իմ սիրեցյալների համար` հավերժ կյանքի գետի և մի եղիր նրանցից, ովքեր կասկածում են:
Իսկ եթե աղետները քեզ բաժին են ընկել Իմ ճանապարհին, կամ եթե հանուն Ինձ զրկանքներ ես կրում, մի տխրիր դրա համար:
Ապավինիր Աստծուն, քո Աստծուն ու քո հայրերի Տիրոջը: Քանզի մարդիկ, որ զրկված են խորաթափանցությունից, մոլորության ճանապարհներով են քարշ գալիս, չեն տեսնում Աստծուն սեփական աչքերով ու չեն լսում Նրա Մեղեդին սեփական ականջներով: Այդպիսին էին մարդիկ, երբ մենք գտանք նրանց, ինչին դու էլ ես վկա:
Այդպես նրանց նախապաշարմունքները քող դարձան նրանց ու իրենց սրտերի միջև, շրջեցին նրանց Աստծու` Վեհի, Մեծի ճանապարհից:
Համոզվիր քո հոգում, որ, հիրավի, նա, ով շրջվում է այս Գեղեցկությունից, շրջվել է նաև անցյալի Ավետաբերներից` Աստծու առաջ ցուցաբերելով անչափ գոռոզություն հավիտյանս հավիտենից:
Խորն ուսումնասիրիր այս Հուշատախտակը, ո՜վ Ահմադ: Երգիր այն քո օրերում ու մի խուսափիր դրանից: Քանզի, հիրավի, Աստված նշանակել է նրան, ով երգում է այն, հարյուրավոր մարտիրոսների պարգև ու մեծարանքներ երկու աշխարհներում: Այս առատաձեռնությունները Մենք քեզ շնորհել ենք, որպես Մեր բարեհաճության և Մեր ներկայությունից ողորմածության նշան, որպեսզի դու էլ կարողանաս լինել երախտապարտների միջև:
Աստծով եմ երդվու՜մ: Եթե որևէ մեկը փորձանքի կամ վշտի մեջ կարդա այս Հուշատախտակը կատարյալ անկեղծությամբ, Աստված կցրի նրա տխրությունը, կլուծի նրա դժվարություններն ու կվերացնի նրա դժբախտությունները:
Նա, հիրավի, Գթասիրտ է, Կարեկից է: Փառապանծ եղիր Աստված, բոլոր աշխարհների Տեր:
- Bahá'u'lláh